plg_search_tags
Search - Categories
Search - Content
Search - News Feeds
Search - Links

 

Հայաստան

Հայաստան  (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն), պետություն Անդրկովկասում։ Մշակութային, կրոնական և քաղաքական տեսանկյունից ընդունված է համարել եվրոպական երկիր։  Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Ադրբեջանին, հարավ-արևելքից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը (Արցախ), հարավից՝ Իրանին, հարավ-արևմուտքից՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, արևմուտքից՝ Թուրքիային։
Հայաստանը  հնագույն պատմական և հարուստ մշակութային ժառանգությամբ պետություն է։ Ավանդաբար Հայոց պատմության սկիզբ է համարվում մ.թ.ա. 2492 թ․, երբ հայ ժողովրդի հիմնադիր նախահայրը՝  Հայկ Նահապետը, Հայոց ձորում հաղթում է Ասորեստանի թագավոր Բելին և անկախություն նվաճում։  Մեծ Հայքի թագավորությունը առաջինն էր աշխարհում, որ մեր թվարկության 4-րդ դարի սկզբին՝ 301 թ, ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական պաշտոնական կրոն։ Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը երկրի հիմնական կրոնական հաստատություն է ճանաչում աշխարհի հնագույն՝ Հայ Առաքելական Եկեղեցին։ Հայաստանի ազգային ու պաշտոնական լեզուն՝ հայերենը, ունի սեփական ինքնատիպ այբուբեն, որը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թ։
Մինչև 20-րդ դարի սկիզբը «Հայաստան» անվանումը վերաբերում էր ողջ Հայկական լեռնաշխարհին։ Դա աշխարհագրական մի տարածք է, որի սահմանները հյուսիսում հասնում են Սև ծովի ափերին (Արևելա-Պոնտական լեռնաշղթա) և Փոքր Կովկասին, հարավում՝ Միջագետքի դաշտավայրին ու Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնաշղթային, արևելքում՝Իրանական բարձավանդակին, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիայի կենտրոնական մասը։ Այստեղից դուրս են գալիս Առաջավոր Ասիայի բոլոր խոշոր գետերը։ 1915 թ․ Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել կամ տեղահանվել է Հայաստանի արևմտյան մասի բնիկ ազգաբնակչությունը, իսկ արևելյան մասի որոշ տարածք 1918 թ․ ձեռք է բերել անկախություն։Վերանկախացել է որպես Հայաստանի Հանրապետություն 1991 թ սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքում․ մինչ այդ այն Խորհրդային Միության 15 հանրապետություններից մեկն էր (Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն)։ Պատմական Հայաստանի մեկ այլ շրջան՝ Արցախի մի մասը, ուներ ինքնավար մարզի կարգավիճակ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանանկախությունը հռչակում է իր անկախությունը նույն թվականի դեկտեմբերի 10-ին, սակայն, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, միջազգային ճանաչում չունի։
Հայաստանի Հանրապետությունը ունիտար կառուցվածքով, բազմակուսակցական համակարգով ժողովրդավարական ազգային պետություն է, միջազգային սուբյեկտ։  ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թ հուլիսի 5-ին և փոփոխվել է 2005 թ նոյեմբերի 27-ին համապետական հանրաքվեի արդյունքում։ Ըստ այս օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է։ Հայաստանը ՄԱԿ-ի,ԱՊՀ-ի, Եվրախորհրդի, ԱՀԿ-ի և 40-ից ավել այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։
2015 թ.-ի հունվարի 2-ից հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ։